Երկրաշարժից տուժած Կումամոտո ճապոնական նահանգում ավելի քան 30 երեխաների մոտ թունաավորման նշաններ են հայտնաբերվել:

«Կիոդո» գործակալությունը, վկայակոչելով Կումամոտո քաղաքի աշխատակազմի ներկայացուցիչներին հայտնել է, որ առաջին բողոքները ստացվել են մայիսի 9-ի ցերեկը: Երեխաների մոտ նկատվել են ցավեր որովայնի հատվածում ու լուծ: Այս պահին թունավորման նշաններ կան 34 երեխաների մոտ, նրանցից շատերին հոսպիտալացրել են: Բոլոր տուժածները «Ջոտո» տարրական դպրոցի աշակերտներն են:

Զանգվածային թունավորման հավանական պատճառն են դաձել ոչ որակյալ բրնձից պատրաստված «օնիգիրի» գնդերը՝ թյունա ձկան հավելումով: Հայտնի է, որ այն պատրաստվել է մայիսի 6-ին տեղական ընկերություններից մեկում: Պատրաստված 100 բրնձե գնդերից 70-ը մատակարարել են «Ջոտո» տարրական դպրոց:

Գործակալությունը ճշգրտում է, որ ճաշից հետո մնացած օնիգիրիում փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ, որը կարող է դառնալ մի շարք մահացու վտանգավոր հիվանդությունների պատճառ: Միեւնույն ժամանակ բժիշկները հավաստիացնում են, որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: