Պատերազմը սարսափելի բան է, ու երբ խաղաղ բնակչությունն է զոհվում՝ դա ամենասարսափելին է: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք միջազգային համայնքի անհասցե հայտարարությունները չեն խրախուսում, որ Ադրբեջանը ԻՊ –ի նման ահաբեկչական գործողություններ կատարի (Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում սպանվել էին 12-ամյա երեխա, տարեց մարդիկ, նրանց ականջները կտրել էին, իսկ հայ զինծառայողների մարմիններն էլ խեղել)՝ Իվան Վոլինկինը նկատեց. «Պատերազմը սարսափելի բան է: Ես հիմա աշխատում եմ Հայաստանում: Սա առաջին պետությունը չէ, որի շուրջ ռազմական գործողություններ են կատարվում: Ես աշխատել եմ նաեւ Հարավսլավիայում մարտական գործողությունների ժամանակ: Պատերազմը սարսափելի բան է ու երբ խաղաղ բնակչությունն է զոհվում՝ դա ամենասարսափելին է: Զինվորականները մնում են զինվորական, բայց խաղաղ բնակչությունը ոչնչի համար մեղավոր չէ: Դա պարզապես սարսափելի է»: