Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Օլեգ Միխեեւը կառավարությանն առաջարկել է կինոթատրոններին եւ սրճարաններին պարտավորեցնել դուրս անել այցելուներին անվայել հայհոյանքի համար: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով խորհրդարանականի նամակը ուղղված վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:
Պատգամավորը կառավարության ղեկավարին խնդրում է կազմակերպություններին պարտավորեցնել «ապահովել սպառողների անվտանգությունը, անմիջապես արձագանքել սպառողների բողոքներին, ինչպես նաեւ խախտողներին ծառայություններ չմատուցել», եթե այցելուներն իրենց անվայելուչ են պահում:
Միխեեւը նամակում նշում է, որ վարչական իրավախախտումների օրենսգրքում պատիժ է նախատեսված հայհոյանքի համար, սակայն գործող կանոնները կինոթատրոններին եւ ռեստորաններին չեն պարտավորեցնում ինչ-որ կերպ արձագանքել հանրային կարգի խախտումներին: Այդ կապակցությամբ խորհրդարանականը կոչ է արել փոփոխություններ մտցնել բնակչությանը կինոտեսասպասարկման կանոններում եւ հանրային սննդի ծառայությունների մատուցման կանոններում:





























