Ֆրանսիայի կառավարությունից 75 մլն եվրոյի չափով վարկը թույլ կտա Արարատյան դաշտում 29 մլն խ/մ ծավալով ջրամբար կառուցել։ Այս մասին մայիսի 11-ին խորհրդարանում ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արամ Հարությունյանը։

Վարկից բացի, ծրագիրը 15 մլն եվրոյի չափով ֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը։ Հարությունյանի խոսքով՝ ջրամբարը կկառուցվի 5 տարում եւ թույլ կտա մոտ 4 հազար հա տարածք ոռոգել։ Եթե հիմա այդ շրջանները ոռոգվում են Սեւանա լճի ջրով, ապա ջրամբարը թույլ կտա լճից հանել այդ ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, ջրամբարը թույլ կտա պոմպային մատակարարումից անցնել ինքնահոսի եւ դադարեցնել 13 պոմպակայանների աշխատանքը, ինչը տարեկան 12 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա կխնայի։ Վարկը կտրամադրվի արտոնյալ պայմաններով 20 տարի ժամկետով, որից 6 տարին՝ արտոնյալ, 1.29 տոկոս տարեկան տոկոսադրույքով։