Թուրքիան պետք է փոխի ահաբեկչության դեմ պայքարի չափանիշները՝ դրանք համապատասխանեցնելով ԵՄ նորմերին, որպեսզի հասնի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթում այս մասին նա հայտարարել է ԵՄ ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերի հանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:

Նրա խոսքով, Թուրքիան դեռեւս պետք է առաջընթաց արձանագրի: «Դրա համար Թուրքիան պետք է մի շարք քայլեր իրականացնի. կոռուպցիայի դեմ պայքարի քալեր ձեռնարկի՝ Եվրոպայի Խորհրդի երաշխավորություններին համապատասխան, անձնական տվյալների պաշտպանության շուրջ օրենսդրությունը համապատասխանեցնի ԵՄ չափանիշներին, Europol-ի հետ օպերատիվ համագործակցության համաձայնագիր ստորագրի, ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունն ու պրակտիկան առավելագույնս համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին»,- հայտարարել է Ավրամոպուլոսը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ենթարկվի ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության փոփոխությունների մասին Եվրամիության պահանջներին: Նա նաեւ հույս է հայտնել, որ մինչեւ հոկտեմբեր ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման հետ կապված բոլոր հարցերը վերջնականապես լուծված կլինեն: