Կոռուպցիան տարեկան կտրվածքով ավելի շատ է խանգարում տնտեսության աճին , քան հարկերից խուսափելն ու չնվազող աղքատությունը, նման հետեւություն կարելի է անել Արժույթի միջազգային հիմնադրամի հաղորդագրությունից, որը մեջբերում է «Ռոյթեր» գործակալությունը:
ԱՄՀ-ի հետազոտության տվյալներով, համաշխարհային տնտեսությունից կաշառքի ձեւով տարեկան 1.5 տրլն դոլար է հանվում ( համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսը): Փաստաթղթում, որը կոչվում է «Կոռուպցիա. կորուստներն ու թուլացմանն ուղղված ռազմավարությունը» ասվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները պետք է լինեն թափանցիկ, ունենան հստակ իրավական շրջանակներ եւ պատասխանատվության ենթարկելու իրական սպառնալիք:
ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի խոսքով, կոռուցպիայի պատճառած ուղղակի տնտեսական կորուստները քաջ հայտնի են, սակայն անուղղակի կորուստները կարող են ավելի մեծ լինել:
Նրա խոսքով կոռուպցիան հզոր քայքայիչ ազդեցություն ունի հասարակության վրա, այն նաեւ խաթարում է վստահությունը կառավարության նկատմամբ:
Չտալով որոշակի երկրների անուններ՝ ԱՄՀ ղեկավարն իր զեկույցում հաավաստիացնում է, որ չվերականգնվող բնական ռեսուրսներից ունեցած կախումը, նաեւ դրանք վերահսկողության տակ պահելու համար մղվող հակամարտությունները հաճախ են նպաստում կոռուպցիայի աճին:
Փաստաթղթում մի կողմից շեշտվում է հակակոռուպցիոն օրենքների խստացման անհրաժեշտությունը, բայց մյուս կողմից էլ նշվում է, որ օրենսդրական նորմերի թուլացումը կարող է սահմանափակել կաշառակերության հնարավորությունները ու ընկերություններին աճի ավելի լայն հնարավորություններ ընձեռնել:





























