Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցները կուղղվեն ԼՂՀ ջրամատակարարման ցանցին ու Հայաստանի գյուղերին։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ Արցախը «ահավոր» հարուստ է ջրով, սակայն չունի նորմալ ջրամատակարարում։ Այսպես՝ Արցախի 344 համայնքներից 244-ը չունեն ջրամատակարարման ցանց։ Հանգանակած միջոցներով նախատեսվում է կառուցել Մարտունիի, Հադրութի, Ասկերանի եւ Դերձորի համայնքների ջրամատակարարման ցանցերը։
Անցյալ տարի հանգանակած միջոցները ուղղորդվել են հիմնականում Շուշիի կառուցապատմանը։ Ըստ Ա. Վարդանյանի՝ Շուշիում ՀՄՀ հատկացումներով կառուցվում է 5 փողոց, որից 2-ն արդեն ավարտվել են, ավարտման փուլում է նաեւ 1000 աշակերտի համար նախատեսված Աբովյանի անվան դպրոցի շինարարությունը։ Բացի այդ՝ մոտ 2 ամսից Շուշիի բնակչության 70 տոկոսը կունենա խմելու ջուր։ Իրականացվում են նաեւ այլ, փոքր ծրագրեր։
«Վիվասել-ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ՝ Հիմնադրամն աշխատում է հրապարակային եւ թափանցիկ, այլապես՝ «իրենց կողքին չէինք լինի»: «Վիվասել-ՄՏՍ»-ը 2,3 մլն դոլար է հատկացրել Հիմնադրամին՝ հեռուստամարաթոնների կազմակերպման համար։




























