«Հիմա սաղ են հայրենասեր, տենց հող սիրել պետք չի ընձի, պետք չի ըլնել հայրենասեր, էղի պրոստը ղարաբաղցի»: Սա հատված է Մարտակերտցի ռեփեր Սպարտակ Օսիպյանի երգից, որը նվիրված է ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմին: «Երդում» երգով հեղինակը երդվում է ծառայել հայրենիքին, չխնայել կյանքը: Մայիսի 1-ին համացանցում հայտնված երգն արդեն դիտել է մոտ 50 հազար մարդ: Ռեփերն ուրախ է, որ այս երգը սիրվեց:
«Քառօրյա պատերազմից հետո ցանկություն կար երգ գրելու, ահա եւ «Երդումը»: Ես առհասարակ հայրենասիրական երգեր եմ գրում»,- ասում է 28-ամյա ռեփերը:
Սպարտակը տեխնոլոգ է, սակայն մի քանի տարի է՝ ռեփ է կատարում: Հենց այս տարիների ընթացքում էլ մարտակերտցիները սկսել են ռեփ սիրել: Այսօր շրջանում 7-8 ռեփեր կա, ամեն մեկն իր ոճն ու թեմատիկան ունի, բայց երբ հերթը Մարտակերտին է հասնում, դառնում են միասնական: «Լափ լյավ ինինք» երգը դրա ապացույցն է:
«Բոլորին թվում է՝ մենք խումբ ենք, բայց էդպես չի: Նպատակ ունեի Մարտակերտի մասին երգ գրել, էդպես հավաքվեցինք բոլորով ու սկսեցինք ձայնագրվել: Ամեն մեկս երգի իր հատվածն է գրել, իր խոսքը Մարտակերտին: Նպատակն էր, որ հենց մարտակերտցիներով երգենք էս երգը»,- նշում է Սպարտակը:
Տղաները միասին նաեւ համերգներ են կազմակերպել Մարտակերտում, ցանկություն ունեն Երեւանում նույնպես իրենց աշխատանքները ներկայացնել: Սպարտակը միայն թերահավատ է, որ չեն կարողանա այդքան հանդիսատես հավաքել. «Մարտակերտում արդեն սովորել են մեր երգերին, համերգներին գալիս են, բայց Երեւանում մտավախություն ունենք»:




























