Պաշտոնական տվյալներով, Հայաստանում անցյալ տարեվերջին շուրջ 463.5 հազար թոշակառու է եղել: Մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 4.9 հազարով կամ 1.1%-ով: Նշենք, որ սա տեղի է ունեցել հանրապետության մշտական բնակչության թվի որոշակի կրճատման ֆոնին:

Այս երկու գործոնների ազդեցությամբ բնակչության ընդհանուր թվում թոշակառուների թիվն աճել է 0.2 տոկոսային կետով՝ հասնելով 15.5%-ի: Համեմատության համար. Ռուսաստանում 60 տարեկանն անց մարդկանց թիվը 20% է, իսկ Եվրոպայում այդ առումով ամենամեծ ցուցանիշն Իտալիայում է՝ գրեթե 29%:

Մեզ մոտ այդ ոլորտում բավական ծանր խնդիր կա. զբաղված քաղաքացիների նկատմամբ թոշակառուների թվի հարաբերակցությունը բավական ցածր է: Հայաստանում 10 թոշակառուից միջինը զբաղված է 8-ը, որոնց աշխատավարձից պարտադիր սոցիալական վճարներ են գանձվում (ներկայում այդ հարկը ներառված է եկամտահարկում, եւ պաշտոնական առանձին հրապարակումներում այն չի նշվում):

Եվրամիությունում այդ ցուցանիշը շատ ավելի բարվոք է. 1 թոշակառու՝ 4 զբաղված անձի նկատմամբ: Սակայն այս ոլորտում անբարենպաստ միտումն այդ երկրների իշխանություններին ստիպում է խնդրի լուծման ուղիներ փնտրել: Օրինակ՝ կենսաթոշակային տարիքի բարձրացում, ներգաղթի խրախուսում:

Զարգացած երկրներում նշված խնդիրը հիմնականում կապված է բնակչության ծերացման հետ (կապված կյանքի միջին տեւողության ավելացման, մասամբ՝ բնիկ ժողովրդի ծնելիության ցածր մակարդի եւ այլնի հետ): Իսկ մեզ մոտ դա կապված է աշխատատեղերի անբավարարության հետ: Բոլորին է հայտնի, որ հանրապետության աշխատունակ բնակչության մի մասը, սեզոնային աշխատանքի նպատակով, այլ երկրների է մեկնում (հիմնականում՝ Ռուսաստան): Այս բոլոր գործոնների ազդեցությամբ միջին կենսաթոշակի չափը (ամսական 40.5 հազար դրամ) չի հասնում նույնիսկ նվազագույն աշխատավարձին:

Բազմաթիվ երկրներում դրամական միջոցների անբավարարությունը թոշակառուներին ստիպում է աշխատանք փնտրել: Բացառություն չէ նաեւ Հայաստանը: Անցյալ տարեվերջին աշխատել է երկրի թոշակառուների շուրջ 16%-ը: Ընդ որում, ցուցանիշը մեծ է հատկապես այն քաղաքացիների խմբում, որոնք վաղաժամ կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն: