Գյումրիի «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանը  մայիսի 14-ի գիշերը սպանվել է  հրազենային վիրավորումից: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նրա դին «Գյումրիի բժշկական կենտրոն» է տեղափոխվել  կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի, աջ կեսի կողմնային պատի եւ աջ ազդրի հրազենային վիրավորումից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, վերցվել փորձանմուշներ։ Առգրավվել են  կասկածյալի այն հագուստները, որոնք նա կրել է դեպքի պահին, վերցվել անհրաժեշտ փորձանմուշներ եւ նշանակվել են փորձաքննություններ՝ քրեական գործով էական նշանակություն  ունեցող հանգամանքները պարզելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության գործով ձերբակալվածը սպանվածի մանկության ընկերն է՝ Արմեն Փափազյանը:

Արմեն Փափազյանն աշխատել է Շիրակի հարկային տեսչությունում, հենց նա է Գուրգեն Ավետիսյանին ժամանակին սովորեցրել բիզնես ղեկավարել:

Մայիսի 14-ի ցերեկը, ըստ նախնական տեղեկությունների, Գուրգեն Ավետիսյանը եղբոր հետ զրուցելուց հետո դուրս է եկել խանութից եւ գնացել անհայտ ուղղությամբ: Արդեն գիշերը, երբ Գուրգեն Ավետիսյանի եղբայրը փակել է խանութը, տեսել է հրազենային վնասվածքներով խանութի դռան առջեւ ընկած եղբորը, անմիջապես «Շտապօգնություն» է կանչել եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Այստեղ էլ պարզ է դարձել, որ Գուրգես Ավետիսյանը մահացել է դեռեւս ժամեր առաջ:

Մեր տեղեկություններով, Արմեն Փափազյանն ու Գուրգեն Ավետիսյանը ցերեկը եղել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում: Սպանության պատճառը դեռեւս հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նրանք անձնական խնդիր են ունեցել:

Գուրգեն Ավետիսյանն ամուսնացած էր, 2 անչափահաս երեխա ուներ:

Նախաքննությունը շարունակվում է: