Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի քանի կարեւոր հարցերի վերաբերյալ համաձայնություններ: Այս ամսին, այսօր՝ մայիսի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

«Ակնհայտ է՝ մի քանի կարեւոր հարցերի վերաբերյալ համաձայնություններ են ձեռք բերվել: Կարծում եմ՝ որպես առաջին հանդիպում այս լարվածությունից հետո, դա կարելի է դրական համարել»,- ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել նոր հրադադարի պայմանագրի մասին, այլ 1994-95 թվականների զինադադարի պայմանագրերի մասին է խոսքը. «Սա չափազանց կարեւոր է, քանի որ արդեն իսկ ձեւաչափն է հստակեցվում»:

Մյուս գլխավոր ձեռքբերումը, նրա խոսքով, այն էր, որ ի վերջո զինադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների ներդրումը պետք է կյանքի կոչել եւ ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը: «Այսքանը որպես ստարտ կարելի է դրական համարել: Բնական է, դրանից հետո մնում են հիմնական հարցերը՝ բովանդակային հարցերը: Բայց այս հանդիպման նպատակը բովանդակային հարցերին անդրադառնալը չէր, այլ այն նախնական հայտարարությունները, որոնք Հայաստանը կատարել էր, կարելի է ասել, դրա հետ կապված առաջընթաց կա»,- ասաց Ռուստամյանն ու հավելեց. «Այս հանդիպումը, բանակցություն չէր, ուղղակի հանդիպում էր, քանի որ բանակցության համար պետք է դրան մասնակցեր նաեւ Արցախը: Քանի դեռ այդ ձեւաչափը չի աշխատում, բանակցություններ չեն կարող լինել»:

իշեցնենք, որ նախօրեին Վիեննայում կայացած բազմակողմ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել: