Ես պատրաստ չեմ քաղաքականության վերածել սիրողական մակարդակով արված հայտարարությունները։ Այս մասին մայիսի 18-ին՝ ԱՄՆ-Հայաստան բիզնես կոնֆերանսի շրջանակում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երկրում մենիշխանությունների եւ օլիգարխների դեմ պայքարի մասին մամուլի հրապարակումներին։

Անդրադառնալով նախարարության կայքում հայտնված հայտարարությանը, որում լրագրողներին կոչ է արվում նպաստել մենիշխանությունների դեմ պայքարին, Մինասյանն ասաց. «Իհարկե, ես կողմ եմ մենիշխանության դեմ պայքարին։ Ես այն քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, որը հակամենաշնորհային քաղաքականությունն այս երկրում ամենաարդյունավետն է համարում։ Ես ուղղակի զարմանում ե, որ ավելի բաց եւ թափանցիկ աշխատանքի եւ համագործակցության ոճը քննադատության եւս մեկ առարկա է դարձել։ Ես բազմիցս դիմել եմ լրագրողներին՝ ասելով, եթե ուզում եք համատեղ աշխատել, աշխատե՛ք, ուզում եք համագործակցել, համագործակցե՛ք, բայց մի՛ խանգարեք»։

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե մենիշխանությունների դեմ պայքարը ՀՅԴ-ի ծրագրի 12 կետերից մեկն էր, եւ Արծվիկ Մինասյանը գիտի մենիշխանների անունները, էկոնոմիկայի նախարարն ասաց. «Աջակցելու փոխարեն, միանում են այս կամ այն մարդկանց, որոնք, ելնելով քաղաքական շահերից, փորձում են նվազեցնել այդ կարեւոր գործընթացի նշանակությունը։ Խոսքը շուկաների եւ ոլորտների մասին չէ, այլ ավելի շուտ մեխանիզմների, որոնց օգնությամբ  մենք համատեղ կարող ենք արդյունավետ լուծումներ գտնել»։

Ի պատասխան այն դիտարկմանը, թե վերջին 15-20 տարում մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել հայ օլիգարխների մասին, բայց ոչ մի իրական պայքար չի ծավալվել, Արծվիկ Մինասյանն ասաց. «Հասարակության մեջ մենիշխանությունների մասին արմատացած հասկացությունները փոխելու եւ իրական պայքար տանելու համար այդ ուղղությամբ ամբողջական համակարգի լիարժեք կիրառում է անհրաժեշտ։ Ես պատրաստ չեմ քաղաքականության վերածել սիրողական մակարդակով արված հայտարարությունները։ Որպես նախարար՝ ես պետք է յուրաքանչյուր գործողության հիմքում օրենքը դնեմ։ Եվ այդ պատճառով ես առաջարկել եմ ձեզ համագործակցել։ Չեք ուզում, մի՛ արեք, ոչ մի խնդիր չկա։ Ես միեւնույնն է գնալու եմ այդ ուղդությամբ»։