Հայկական կողմը մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպմանն անպայման պետք է մասնակցեր: Այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

«Այսօր այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ ամուր դիրքերից պետք է հանդես գանք»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին, թե ով էր մեղավոր քառօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների համար, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ այժմ այդ մասին խոսել չի ուզում` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը. «Համոզված եմ, որ մի օր հասարակությունը պատասխանատվության հարցը կբարձրացնի»:

Լրագրողների հարցին` ո՞րն է կոնկրետ ՀԱԿ-ի դիրքորոշումը ներկայիս իրավիճակի շուրջ, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, շատ անլուրջ կլինի կարծիք հայտնել: Երբ կլինի փաստաթուղթ, այդ ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնենք: Այժմ մեր դիրքորոշումն է, որ մենք պետք է հանդես գանք ամուր դիրքերից»:

Ինչ վերաբերում է Արցախի` բանակցային կողմ լինելուն, ըստ Կարապետյանի, ինքն էլ է ցանկանում, որ Արցախը դառնա կողմ, սակայն, այսօր դա հնարավոր չէ. «Սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»: