Լոռու մարզի Շնող գյուղում այսօր՝ մայիսի 18-ի գիշերը, իր բնակելի տունը հրդեհելուց հետո վախեցած ու մոտակա սար բարձրացած հոգեկան շեղումներով տղամարդուն հարազատներն ու ոստիկանները կարողացել են համոզել եւ իջեցնել սարից: NEWS.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը նշեց, որ այս պահին 33-այա տղամարդուն ուղարկել են Ալավերդի՝ հոգեբույժի մոտ:
«Հոգեբույժը կաշխատի հետը, հետո կուղարկեն Վանաձոր, որտեղ կորոշեն՝ ուղարկեն հոգեբուժարան, թե դեղերի միջոցով կհանգստացնեն ու տուն կուղարկեն»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ ըստ գյուղապետի, հոգեկան շեղումներ ունեցող տղամարդը տանը ապրել է իր եղբոր հետ, որն այդ պահին իրենց խանութում աշխատելիս է եղել, նա էլ հրդեհել է տունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 18-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել՝ 08.02-ին: Տունն ամբողջությամբ (100 քմ) այրվել է (բացի ննջասենյակից՝ 30 քմ):





























