«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի ստանում պատշաճ բուժօգնություն, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ինքնուրույն հոգալ իր անձնական կարիքները:
ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դատապարտյալը հայտնել է նաեւ, որ անհրաժեշտ բուժօգնության չտրամադրման պատճառով հրաժարվել է սննդի ընդունումից: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան դիմում է հասցեագրել նաեւ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:
Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Հրաչյա Գեւորգյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին եւ տրամադրվող բժշկական օգնությանը: Դատապարտյալի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ տրվել են իրարից տարբերվող ախտորոշումներ, եւ մինչ օրս նշանակված չէ վերջնական ախտորոշում եւ դրան համապատասխան լուծում: Քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ կազմակերպել նրա պատշաճ բուժօգնությունն ու խնամքը:
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կապակցությամբ դիմել է ՀՀ Արդարադատության նախարարին՝ պահանջելով հրատապ քայլեր ձեռնարկել Հր. Գեւորգյանին քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխելու եւ անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու ուղղությամբ:





























