Վրաստանում ձեռնարկության գրանցման հաջորդ օրը հարկային մարմինները այցելում են գործարարին, հետաքրքրվում, թե ինչպիսի գործունեություն են ծավալում, ու առաջարկում իրենց օգնությունը, թեկուզ իրենց տիրույթում չգտնվող հարցը իրենց միջոնդրավորվածությամբ լուծելուն: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում նշել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը:
Նրա խոսքով, Վրաստանում հարկային մարմինները օգնում են տնտեսվարողին գումար վաստակել, այնուհետեւ դրանից եկած գումարները գանձել պետբյուջե: «Շահում են թե ձեռնարկատերը, թե պետությունը: Իսկ Հայաստանում հարկահավաքման գործընթացը կրում է ֆիսկալ բնույթ եւ կարծես պետական մարմիններին չի էլ հետաքրքրվում՝ տնտեսվարողը շահույթ ունի, թե ոչ: Շատ դեպքերում գործարարները վարկեր են վերցնում, որպեսզի հարկ վճարեն: Պետք է հասկանալ, որ հարկային բեռը թեթեւացնելով ավելի շատ հարկեր է հնարավոր իրականացնել»,-ընդգծել է նա:
Պատգամավորի խոսքով, պետությունը պետք է աջակցի գործարարին, որվեսզի վերջինս շահույթ ստանա եւ հարկեր վճարի: «Մեզ մոտ դեռեւս գործում է գերավճարներ հավաքագրելու անթույլատրելի գործելաոճը: Տարաբնույթ դժգոհությունների արդյունքում է, որ գործարարները փակում են իրենց ձեռնարկությունները եւ իրենց գործունեությունը տեղափոխում են այլ երկրներ»,-նշել է Դոխոլյանը:
Պատգամավորը հարց է բարձրացնում, թե երբեւէ վերլուծություն կատարվե՞լ է, թե ինչու են հայ զբոսաշրջիկները հանգստանում Վրաստանում, ու ինքն էլ ներկայացնում պատճառները. «Պետավտոտեսուչների բարեհամբույր վերաբերմունքը, որոնք ճանապարհին կատարում են օգնողի դեր, հատկապես զբոսաշրջիկների դեպքում: Երկրորդ՝ արագընթաց ճանապարհների գործարկումն է, որը լուրջ խթան է ավտոմեքենայով երթեւեկող զբոսաշջիկների համար: Հաջորդը հյուրանոցային համարների բավական մատչելի առաջարկն է, որը կատարվում է տուրիստական գոտիների ստեղծմամբ եւ 15 տարի հարկային արտոնություններ տալու շնորհիվ բարենպաստ պայմաններ է ստեղծում արտաքին ներդրումների համար»:
Նրա խոսքով, 2015-ին Վրաստանում հանգստացել է 1,4 մլն հայ զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը կարող էին հանգստանալ Հայաստանում:





























