Երեւանի  եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ համագործակցության շրջանակում Երեւան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի եւ Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց ուղեկցել են Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Պատվիրակության անդամները Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակների հիշատակը:

Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը: Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովը եւ Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը  գրառում են կատարել թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում։

Սանկտ Պետերբուրգի  պատվիրակության անդամներն այնուհետ այցելել են մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջան եւ ծաղիկներ խոնարհել նաեւ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին: