BP ընկերությունը British Council-ի եւ Ադրբեջանի Կրթության նախարարության գործընկերությամբ ուսուցիչների եւ բնակչության անգլերենի ուսուցման խոշոր նախագիծ է սկսել հինգ գյուղում, որոնց տարածքով անցնում է Հարավկովկասյան գազամուղը:
Տրենդը հայտնում է, որ BP Azerbaijan-ի փոխնախագահ Բախտիյար Ասլանբեյլիի խոսքով, որը հինգշաթի ելույթ է ունեցել նախագծի գործարկմանը նվիրված միջոցառմանը, նախաձեռնությունը կընդգրկի Գերանբոյի, Սամուխի, Շամքուրի, Թովուզի եւ Աղստաֆինի շրջանները եւ սոցիալական նախագծերում ներդրումային ծրագրի մաս է կազմում:
«Նախագծի իրականացման ժամկետը մեկ տարի է, արժեքը` 150 հազար մանաթ: Այն կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլում կընտրվի 10 դպրոցից 75 ուսուցիչ: Նրանց փորձը եւ գիտելիքները կկատարելագործվեն British Council-ի մասնագետների կողմից: Երկրորդ փուլում նախագծում կներգրավվի 10-ից 16 տարեկան 500 դպրոցական եւ տեղի բնակչության 150 ներկայացուցիչ», —ասել է Ասլանբեյլին:
BP-ն նավթ եւ գազ է արդյունահանում Ադրբեջանում` «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» եւ «Շահ Դենիզ» հանքավայրերից:




























