ՌԴ առեւտրային ցանցերը հայ տնտեսվարողների հետ ուղղակիորեն համագործակցելու  փոխարեն գերադասում են աշխատել միջնորդների հետ, որոնց պայմաններն անբարենպաստ են մեր տնտեսվարողների համար: Այս մասին, մայիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջազգային իրավական համաժողովի ժամանակ նշել է եռօրյա աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվողն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իր ձեւաչափով եզակի այս Համաժողովը համարվում է խոշորագույն հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների տնտեսական, քաղաքական եւ իրավական կարեւոր հարցերի քննարկման համար: Այս տարի համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրներից ժամանած պաշտոնյաներ: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Արտակ Շաբոյանը  ներկայացրել է Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրությունը

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստը, որի ընթացքում Ա. Շաբոյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ԵՏՄ անդամակցության շրջանակներում մեր երկրի ինտեգրման գործընթացին՝ այդ համատեքստում կարեւորելով հատկապես ՀՀ արտահանման ընդլայնման հնարավորությունները: ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաեւ Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որի նպատակը ոլորտում առկա խոչընդոտների բացահայտումն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերի իրականացումն է: 

«Ուսումնասիրությունն ընդգրկել է  մեկ տասնյակից ավելի ոլորտներ, որոնց ընդհանուր մասնաբաժինը ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կառուցվածքում կազմում է շուրջ 75 տոկոս: Խոսքը վերաբերում է մասնավորապես դեղորայքի, ոգելից խմիչքների, ծխախոտի, պահածոների, շինանյութերի, կաթնամթերքի, միրգ-բանջարեղենի, ձկնամթերքի եւ այլ ոլորտներին»,-ներկայացրել է Ա. Շաբոյանը՝ մանրամասնելով ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները:  «Տնտեսվարողները փաստում են, որ  ՌԴ առեւտրային ցանցերը իրենց հետ ուղղակիորեն համագործակցելու  փոխարեն գերադասում են աշխատել միջնորդների հետ: Այլընտրանք չունենալով մեր տնտեսվարողները համաձայնվում են վերջինների առաջարկած պայմաններին, որոնք, մեղմ ասած անբարենպաստ են գործարարների համար: Օրինակ, մատակարարվող ապրանքների դիմաց վճարումները անհարկի ձգձգվում են, ապրանքները պատշաճ կերպով չեն ներկայացվում սուպերմարկետներում, կամ ապրանքների իրացման շուրջ պայմանավորվածությունների ընթացքում ստեղծվում են արհեստական դժվարություններ»:  Ա. Շաբոյանն այս խնդիների հետ կապված կարեւորել է ՌԴ-ում գործող խոշոր տնտեսվարողների կողմից հավասար եւ ոչ խտրական պայմանների  կիրառումը ապրանքներ մատակարարող ընկերությունների նկատմամբ: ՏՄՊՊՀ նախագահն իր ելույթում նշել է նաեւ, որ որոշակիորեն  արտահանման խոչընդոտ է հանդիսացել  նաեւ ռուսական ազգային արժույթի արժեզրկումը, որը հանգեցրել է արտահանվող հայկական ապրանքների թանկացմանը եւ մրցունակության անկմանը:

Ա. Շաբոյանը ընդգծել է առեւտրային ցանցերի եւ մատակարարների հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունը.  «Առաջարկում եմ երկու կողմերի համար հստակ մշակել եւ կիրառել բարեխիղճ վարքագծի կանոններ, որով իրավական հիմքի վրա կդրվի եւ կկանոկարգվի նրանց փոխհարաբերությունները: Մասնավորապես, պետք է հստակ լինեն մատակարարներից ձեռքբերվող ապրանքների պայմանները, թե ինչ ժամկետներում պետք է կատարվեն վճարումները, ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնեն առեւտրային ցանցերը ապրանքների առաջմղումը եւ ներկայացվածությունը ապահովելու համար, մատակարարների եւ առեւտրային ցանցերի միջեւ վեճերի առաջացման դեպքում լուծման ճանապարհները եւ այլն:  Այդ կանոնները պետք է լինեն միասնական ԵՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում»,-շեշտել է ՏՄՊՊՀ նախագահը:

ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ի. Արտեմեւը իր գոհունակությունն է հայտնել եւ ընդգծել իր պատրաստակամությունը՝ խնդրի  շուտափույթ իրավական կարգավորման համար: 

ՌԴ խոշոր առեւտրային ցանցերի ներկայացուցիչները կժամանեն Երեւան՝ տեղում քննարկելու բոլոր խնդիրները

Այցի շրջանակներում Ա. Շաբոյանը հանդիպել է նաեւ  «ՌԴ առեւտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցեւի, ինչպես նաեւ մի շարք խոշոր առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ եւ քննարկել հայ գործարարներին հուզող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:  Ա. Շաբոյանը նրանց հրավիրել է Երեւան՝ անձամբ հանդիպելու արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին եւ տեղում քննարկելու բոլոր մտահոգություններն ու խնդիրները: