Հայաստանն այս տարիներին մեծ քանակությամբ վարկ է վերցրել, որոնց մի մասն անարդյունավետ է եղել, ո՞վ է պատասխան տալու անարդյունավետ վարկերի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում Կենտրոնական բանկի 2015-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ  Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Ասենք թե վարկը վերցրել ենք, դրա արդյունքում նախ այդ հիմնարկն է վնասվել, հետո էլ էժան գնով այն վաճառել ենք. «Հրազդան Ցեմենտը» ձեզ օրինակ: Վարկը վերցրին, հիմա էլ եկել նվնվում եք, թե 500 աշխատողի խնդիր է լուծում, եթե արտոնություն չտանք, 500 մարդու խնդիրը չի լուծվի: Բայց չէ՞ որ մինչ այդ 500 մլն դոլարի վարկ ենք վերցրել:  Ծրագիր է եղել, որ կծաղկի, կզարգանա, արտադրանքը կվաճառվի եւ այլն: Բայց արդյունքում հասել ենք նրան, որ հիմնարկն է ծախվում, հիմա էլ տույժ-տուգանքները ներենք: Սա անարդյունավետ վարկ չի՞: Հիմա այդ անարդյունավետ վարկի որեւէ մեկը պատասխան չի տալո՞ւ»,-հարց ուղղեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան Պավել Սաֆարյանն ասաց. «Ոչ ոք չի ասում, որ լավ է, որ անարդյունավետ վարկեր են վերցվել: Բայց կոնկրետ պատասխաններ տալու համար պետք է հստակ ասել, թե որ վարկի մասին է խոսքը: Ընդհանուր առմամբ Հայաստանին 5 մլրդ դոլարի վարկ է տրվել, որում եղել է եւ կրթության ոլորտին ուղղված վարկ, էներգետիկայի ոլորտին, սոցիալական խնդիրներին, ճանապարհներին ուղղված վարկեր: Ո՞րն եք դուք անարդյունավետ համարում:

Ես չեմ հիշում վարկ, որ վերցվել է «Հրազդան ցեմետի» համար: ՎՏԲ-ից վերցված վարկը պետությունը չի վերցրել: Հայաստանն արդեն 22 տարի վարկեր է վերցնում, որի արդյունավետության նոր մեխանիզմ պետք չի հնարել: Կառավարությունը քննարկում է, ներկայացնում է ԱԺ, որտեղ նույնպես քննարկվում է եւ որոշվում՝ ընդունել վարկը, թե ոչ: Այլ ճանապարհ ես չգիտեմ վարկ վերցնելու: Նաեւ չեմ կարծում, որ այս դահլիճում մարդ կա, որը կարծում է, որ վարկ ընդհանրապես պետք չի վերցնել»:

Դիտարկմանը, թե «Հրազդան ցեմենտի վերցրած 4,6 մլրդ դրամի վարկն, իսկապես ՎՏԲ բանկից է, բայց փաստ է նաեւ այն, որ կառավարությունը մտել է ԱԺ՝ այդ ընկերության տույժերը բյուջեի հաշվին մարելու, հարկերը մեղմելու հարցով, Սաֆարյանն արձագանքել է. «Նախ պետք  որոշենք, համաձայնության գանք, թե ինչն ենք համարում անարդյունավետ: Օրինակ կրթական ոլորտի համար վարկ ենք վերցրել, ռեֆորմ ենք իրականացրել, եւ ռեֆորմն անարդյունավետ է եղել: Կարող ենք հարց բարձրացնել, թե ո՞վ էր դրա համար պատասխանատու: Դուք կտեսնեք, որ այնքան մարդիկ կլինեն, որ մեղավոր կլինեն: Եթե վարկերը վերցվում են, պետք է վերցվեն արդյունավետ օգտագործման համար, երկրորդ կարծիք լինել չի կարող, իսկ անարդյունավետ ծախսերի համար կա Քրեական, վարչական օրենսգիրք»: