Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետեւանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու եւ խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:
Այս առնչությամբ գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Բերքի կորուստներից խուսափելու եւ պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
Խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) անհրաժեշտ է կատարել բուժումներ` միլդիու, օիդիում սնկային հիվանդությունների եւ խաղողի վազի ողկուզակեր վնասատուի առաջին սերնդի դեմ: Ծաղկումից անմիջապես հետո նշված հիվանդությունների եւ վնասատուների դեմ անհրաժեշտ է բուժումները կրկնել` փոխարինելով նախորդ անգամ օգտագործված բուժանյութերը այլ պեստիցիդներով:
Բուժումներն իրականացնելիս կարող եք օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների եւ մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների տեղեկագրքից:



























