Բլրից գեղատեսիլ տեսարան է բացվում ջրամբարի եւ գյուղի վրա: Ջրի մակերեւույթի  փիրուզագույնը, այգիների կանաչը, գյուղական տների տանիքները հովվերգական են թվում: Բայց բնապատկերի ֆոնին սելֆի անել խորուրդ չի տրվում գնդակոծության պոտենցիալ սպառնալիքի պատճառով (ֆոտոռեպորտաժ):

Սա Բերքաբերյան (Ջոգազսյան) ջրամբարն է, որի մի ափը Հայաստանին է պատկանում, դիմացինը` Ադրբեջանին: Ափին Բերքաբեր գյուղն է:   

Սահմանն անցնում է գյուղից 400-500 մետրի վրա: Գյուղում չկա այնպիսի տուն, որը տուժած չլինի պատերազից եւ ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով: Վերջին տարիներին բնակիչների մահվան եւ վիրավորվելու մի քանի դեպք է եղել հակառակորդի գնդակոծության հետեւանքով: 

«Գյուղը սովորական կյանքով է ապրում: Գնդակոծություն չկա արդեն մեկ շաբաթ  (գյուղը լքելիս մենք այնուամենայնիվ ինքնաձիգի մի քանի կրակոց լսեցինք, խմբ.): Չնայած բոլոր դժվարություններին, մենք հպարտանում ենք սահմանամերձ գյուղի մեր առաքելությամբ եւ նրանով, որ որոշակի իմաստով պահում ենք սահմանը: Կարելի է ասել` մեր գյուղը երկրի դարպասներից մեկն է», - ասում է գյուղապետ Արթուր Մադաթյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Գյուղին պատկանող հողատարածքները հակառակորդի ձեռքում են. դա գրեթե 870 հա է առկա 1135 հայից: Տարածքները տեղակայված են ջրամբարի մյուս ափին: Համայնքը սեփական արոտավայրեր չունի եւ գյուղացիների ամբողջ հույսը տնամերձ հողերն են:  «Մի քիչ աճեցնում են` ապրելու համար: Միաժամանակ հակառակորդը խանգարում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: Ժամանակին գործը նրան էր հասել, որ նորմալ մարդիկ առավոտյան 8-ին աշխատանքի էին գնում, իսկ Բերքաբերի բնակիչները վերադառնում էին տուն: Աշխատել հնարավոր է միայն գիշերային ժամանակ: Որքան դեպքեր են եղել, երբ մարդիկ գնդակոծության տակ են հայտնվել, ստիպված են եղել պառկած մնալ մինչեւ մութն ընկնելը:  Կրակում են եւ մարդկանց, եւ անասուններին: Որքան դեպքեր են եղել, երբ կովին մորթելով` մսի մեջ փամփուշտ են գտել», - պատմում է գյուղապետը: 

Այժմ բերքաբերցիներին պատկանող հողերն օգտագործում են ադրբեջանցի գյուղացիները: 

Չնայած այդ ամենին` բնակիչները չեն պատրաստվում լքել հարազատ գյուղը: Նույնիսկ ապրիլյան սրացման ընթացքում դպրոցը մի րոպե չի դադարեցրել աշխատանքը: Այս տարի գյուղական դպրոցը կավարտի երկու շրջանավարտ: Ընդ որում նրանցից մեկն անցյալ տարի է եկել Ռուսաստանից եւ մտադիր է դպրոցից հետո բանակ գնալ` քաղաքացիական պարտքը կատարելու:   

Տարվա սկզբից երկու երեխա է ծնվել: 

Մանկապարտեզը ներկայումս չի գործում ֆինանսավորման խնդիրների պատճառով, չնայած գյուղում նախադպրոցական տարիքի երկու երեխա կա:  «Եվս մի հանգամանք: Գնդակոծությունների ընթացքում երեխաների համար ավելի լավ է տանը լինել: Ապաստարաններ կան, բայց այնուամենայնիվ ավելի լավ է` տանը լինել», - պարզաբանում է գյուղապետը:

կԴպրոցի մոտ «ՎիվաՍելլ» ընկերության աջակցությամբ պաշտպանական պատ է կառուցված: Դպրոցում ընդամենը  32 աշակերտ է սովորում: Դպրոցի տնօրեն Պաշիկ Աղամյանի խոսքով, գնդակոծված կողմում դասարանները չեն օգտագործվում:  Դպրոցի շենքի, ինչպես եւ գյուղում տների մեծամասնության վրա գնդակոծության հետքեր կան:  

Լուսանկարը` Աչրսեն Սարգսյանի/ NEWS.am