Գալյան շրջանի Բարբեգի գյուղի բնակիչ Գիգա Օտխոզորիան մահացել է Աբխազիայի հետ վարչական սահմանին ստացած վերքերից, հայտնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ): Օտխոզորիային մայիսի 19-ին Խուրչա գյուղում վիրավորել էին չորս անհայտ մարդիկ, որոնք զինված էին հրազենով:  

Պետանվտանգության ծառայությունը Եվրամիության դիտորդների առաքելությանը (МНЕС) տեղեկացրել է պատահածի մասին, հայտնում է Sputnik Գրուզիան:

Վրաստանի ԱԳՆ-ն պատահածի համար պատասխանատվությունը դրել է ռուսաստանյան կողմի վրա:  «Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում վրդովեցուցիչ փաստ է տեղի ունեցել: Դա ցույց է տալիս, որ Աբխազիայում իրավիճակը չի վերահսկվում:  Պատահածի համար ամբողջ պատասխանատվությունը դրվում է ռուսաստանյան օկուպացիոն ուժերի վրա», - հայտնել է Վրաստան փոխարտգործնախարար Դավիդ Դոնուան: 

«Վրացական կողմն օգտագործում է միջազգային բոլոր մեխանիզմները` հասնելու ինչպես  քաղաքական, այնպես էլ իրավական կարգավորման, իսկ հանցագործները կկանգնեն արդարադատության առաջ», — ասված է հայտարարության մեջ: 

Վրաստանի ԱԳՆ-ն տեղի ունեցածի մասին արդեն տեղեկացրել է Եվրամիության դիտորդների առաքելությանը  (МНЕС)  եւ Ժնեւյան բանակցությունների համանախագահներին ԵՄ-ից, ՄԱԿ-ից եւ ԵԱՀԿ-ից եւ համապատասխան արձագանք է պահանջել: Նաեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել վրացական եւ ռուսաստանյան պատվիրակությունների ղեկավարներ Դավիդ Դոնդուայի եւ Գրիգորի Կարասինի միջեւ:   

Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես է եկել նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն: Դրանում ասված է, որ Աբխազիայի հետ սահմանին քաղաքացիների մահվան մասին Թբիլիսիի հայտարարություններն օգտագործվում են    «ռուսաստանյան բռնազավթման» թեմայով քարոզչական վարժանքների համար:

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ Թբիլիսիում «հրաշալի գիտեն, որ ոչ սահմանապահները, ոչ ռուսաստանյան այլ ներկայացուցիչներ կապ չեն ունեցել այս` անկեղծ ափսոսանք առաջացնող դեպքի հետ», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: