Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդություն դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին մերժվեց

Այսօր` մայիսի 20-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ միջնորդությունը մերժվել է, քանի որ անհիմն է:

Դատական նիստը շարունակվում է: Մեղադրող Վահե Թովմասյանը միջնորդեց սահմանափակել լրատվամիջոցների ներկայացուցիչների տեսա ձայնագրությունը:

«Վկաների ցուցմունքները հնարավոր է` հրապարակվեն համացանցում, մինչդեռ վկաները դատարանի դահլիճում ներկա գտնվելու եւ մյուս վկաների ցուցմունքներին ծանոթանալու իրավունք չունեն, հետեւաբար միջնորդում եմ սահմանափակել տեսա ձայնագրությունները»,- ասաց դատախազը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը, այնուամենայնիվ հորդորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին` չլուսանկարել եւ չնկարահանել մեղադրող կողմին:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: