Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմից հետո ազգային ավիափոխադրող ունենալու հարցն առավել օրակարգային է դարձել: Այս մասին, ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նիստում հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստը նվիրված է եղել Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությանը:
Նիստի ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր՝ մասնավորապես.
1. Որո՞նք են ազգային ավիափոխադրողի կարեւորագույն բնութագրիչները:
2. Աշխարհի ո՞ր երկրներն ունեն մեկ եւ ավելի ազգային ավիափոխադրող, որքա՞ն է դրանցում պետության մասնակցությունը: Ի՞նչ շահութաբերությամբ են աշխատում այդ ընկերությունները:
3. Ի՞նչ օգուտ է տալիս տվյալ երկրին ազգային ավիափոխադրող ունենալը (ոչ միայն ֆինանսական առումով):
4. Վերջին 5-10 տարիներին աշխարհում ազգային ավիափոխադրողների ոլորտում ի՞նչ միտում է նկատվում. ազգային ավիափոխադրողների թիվն ավելանո՞ւմ է, թե՞ նվազում: Որո՞նք են նվազման պատճառները: Նշելլ երկրների օրինակներ:
5. Ի՞նչ լրացուցիչ հանգամանքներով է պայմանավորված Հայաստանում ազգային ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը:
6. Որո՞նք են պատճառները, որ Հայաստանում գոյություն չունի ազգային ավիափոխադրող: Ի՞նչ խոչընդոտներ կան այսօր ազգային ավիաընկերություն հիմնելու հարցում (ֆինանսական, օրենսդրական, սակագնային եւ այլն):
7. Իրատեսական ծրագիր (նախագիծ) ազգային ավիաընկերություն ունենալու վերաբերյալ:
Վազգեն Մանուկյանը կարեւորել է վերոնշյալ հարցերը ոչ միայն Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների մեջ ներառելու, այլեւ հանրության առավել լայն շրջանակների հետ քննարկելու անհրաժեշտությունը, ուստի որոշվել է դիմել նաեւ այն անհատներին ու համապատասխան կառույցներին, որոնք այս հարցերի շրջանակներում կարող են ներկայացնել որոշակի առաջարկներ ու ծրագրեր:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը նույնպես հրավիրված է եղել նիստին, կարեւորել է քաղավիացիան որպես ռազմավարական խնդիր պետության առջեւ դնելու եւ պետության կողմից այն գերակա ճյուղ ճանաչվելու անհրաժեշտությունը:
Նշենք նաեւ, որ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովը Հայաստանի քաղավիացիայի խնդիրները քննարկելիս բազմիցս է բարձրացրել նաեւ այն հարցը, որ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO — International Civil Aviation Organization) պահանջներին:
ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովը Հայաստանի ազգային ավիացիոն միավորման հետ մեկտեղ մշակել է Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ ազգային ժողով: Նախագծին կարող եք ծանոթանալ ՀԽ կայքում՝ հետեւյալ հղումով:
Նիստի ընթացքում որոշվել է Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրների եւ հեռանկարների վերաբերյալ առաջիկայում կազմակերպել հանրային լայն քննարկում, որի ընթացքում կամփոփվեն բարձրացված հարցերն ու առաջարկները, եւ ՀԽ կանոնադրության համաձայն, կներկայացվեն Հանրապետության նախագահին:





























