Ռազմավարական մշակումների կենտրոնի (ՌՄԿ) նախագահ, ՌԴ նախագահին կից տնտեսական խորհրդի փոխնախագահ, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը Ռուսաստանում առկա տնտեսական մոդելի պարագայում տնտեսական աճի հեռանկարներ չի տեսնում: 

«Կարելի է ասել, թե հատակը անցել ենք, մենք ամենայն հավանականությամբ մոտ ենք այդ բնորոշմանը: Բայց, ցավոք սրտի, քանի որ տնտեսության հին մոդել է մշակված, նորը դեռեւս չի ձեւավորվել, նույնիսկ հատակն անցնելով, մենք կմնանք այդ հատակում»,— ասել է պարոն Կուդրինը  «Շաբաթվա լուրեր» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում:

Նա հայտնել է, որ այսօր Ռուսաստանի տնտեսության համար գլխավորը տնտեսական աճն է:  «Մենք ձգձգում ենք կարեւոր բարեփոխումները: Դա պատճառ կդառնա տնտեսական աճի սկզբի ձգձգման»,— նշել է Ալեքսեյ Կուդրինը: Միաժամանակ նա համարում է, որ անհրաժեշտ է անցնել կայուն աճի:  «Ոչ թե մեկ-երկու տարով. դա կնշանակի հերթական պղպջակը փչել: Մենք որոշ աշխուժացում կունենանք, իսկ հետո նորից անկում»,— ասել է նա:

Ալեքսեյ Կուդրինը նաեւ առաջարկել է աստիճանաբար մեծացնել Ռուսաստանում եւ տղամարդկանց, եւ կանանց համար կենսաթոշակային տարիքը մինչեւ միասնական մակարդակ`  63 տարի: Այժմ տղամարդկանց թոշակի անցնելու տարիքը  60 տարեկանն է, իսկ կանանց համար` 55-ը: «Երբ ասում եմ` կենսաթոշակային  տարիք, խոսքը, ի թիվս այլ բաների, ռուսաստանյան տնտեսությունում հասունացած մի քանի խնդիր լուծելու մասին է, այդ թվում` բարձր թոշակի պահպանման կամ թոշակի բարձրացման նրանց համար, ովքեր արդեն թոշակառու են»,- ասել է Կուդրինը, հայտնում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով АСЕАН գործարար գագաթնաժողովի մասնակիցների առաջ, հայտնել էր, որ ճգնաժամը կարելի է հաղթահարված համարել 2015-ին: