Թուրքիայում մայիսի 22-ին  իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել միակ թեկնածու Բինալի Յըլդըրըմը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Բինալի Յըլդըրըմը AKP-ի արտահերթ համագումարում ստացել է 1405 պատվիրակների ձայները եւ ընտրվել կուսակցության նախագահ։ Առաջիկա օրերին նրան կհանձնարարվի կառավարություն կազմել եւ ստանձնել վարչապետի պաշտոնը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարեց պարտադրված հեռանալու մասին, որից հետո հայտարարվեց իշխող կուսակցության արտահերթ համագումար։