Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչը չես ասի տնտեսական համագործակցության մասին։ Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանը  հայ-իրանական տնտեսական կապերը բնութագրեց «ամոթալի» բառով։ Իսկապես, Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 500 մլն դոլարը, եւ դա այն դեպքում, երբ Իրանն ունի 120 մլրդ դոլարի արտաքին առեւտրաշրջանառություն, իսկ Հայաստանը՝ մոտ 5 մլրդ դոլարի։ Պարզ է, որ 2 երկրների միջեւ կա տնտեսական համագործակցության չօգտագործված վիթխարի պոտենցիալ։ Այդ պոտենցիալի իրացման ձեւերից մեկն էլ 2 երկրների առեւտրա-արդյունաբերական պալատների համագործակցությունն է։

Այսօր Երեւանում կայացավ 2 պալատների հերթական համատեղ քննարկումը, որին մասնակցեցին բազմաթիվ գործարարներ եւ Իրանից, եւ Հայաստանից։ Բավական հանգամանալից խոսեց հատկապես Մ. Նահավանդիանը, որին իրանահայ գործարար Լեւոն Ահարոնյանը ներկայացրեց որպես իրենց երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Մ. Նահավանդիանը ներկայացրեց հայ-իրանական համագործակցության մի քանի կոնկրետ ուղղություններ, ինչպիսին է, օրինակ, տրանսպորտային եւ առեւտրային համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Որպես հնարավոր համագործակցության ուղղություններ նշվեցին նաեւ սննդի արդյունաբերությունը, նավթաքիմիան, նույնիսկ՝ ավտոպահեստամասերի արտադրությունը եւ նորագույն տեխնոլոգիաները։

Մ. Նահավանդիանը մի սենսացիոն հայտարարություն կատարեց, ասելով, որ հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը կապահովի էներգետիկ անվտանգությունը անգամ Եվրոպայի համար։

Ըստ Մ. Նահավանդիանի՝ հայ  գործարարները լավ չեն պատկերացնում Իրանի տնտեսությունը, չգիտեն նրա հնարավորությունները եւ պոտենցիալը։ Այդ բացը լրացնելու նպատակով առաջիկայում Երեւանում կբացվի իրանական բիզնես-կենտրոն, որտեղ հայաստանցի գործարարները տեղեկատվություն կստանան Իրանի տնտեսության մասին։ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը չբացառեց, որ հայկական բիզնես-կենտրոն կբացվի Իրանում։