Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այն տեղեկատվությունը, որ պարտադիր ավտոապահովագրության կիրառումը Հայաստանում անորոշ ժամկետով հետաձգվում է։ Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր՝ այն պետք է սկսեր հոկտեմբերի 1-ից՝ հիմք ընդունելով սեպտեմբերի 10-ին լրագրողների համար կազմակերպած սեմինարում հնչած այն հայտարարությունները, որ սեպտեմբերի վերջին կհստակեցվեն ապահովագրական վճարների չափերը, իսկ հոկտեմբերի 1-ից ավտոմեքենաների սեփականատերերը կարող են ապահովագրական պոլիսներ ձեռք բերել։ Սույն տեղեկատվությունը զետեղվել է նաեւ NEWS.am-ի սեպտեմբերի 10-ի լրահոսում։ Ի դեպ՝ ապահովագրական ընկերությունները նույնպես «նախապատրաստված» էին հոկտեմբերի 1-ից պոլիսների վաճառքին, նրանցից մի քանիսը Երեւանի տարբեր մասերում գրասենյակներ են բացել հենց սեպտեմբերի վերջերին։ Նշենք նաեւ, որ սեմինարը լուսաբանող բոլոր լրատվամիջոցներն էլ նշել են, որ հոկտեմբերի 1-ից է սկսելու ապահովագրական պայմանագրերի տրամադրումը։
Վահան Ավետիսյանը պարզաբանեց, որ հոկտեմբերին նախատեսվում է սկսել ընդամենը պայմանագրերի կնքումը, ինչպես նաեւ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, իսկ բուն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, ինչպես եւ նախատեսված է օրենքով՝ կիրարկվելու է 2011 թ. հունվարի 1-ից։
Ըստ Բյուրոյի կողմից հիմք ընդունված ժամանակացույցի՝ սեպտեմբերի վերջին հրապարակվել է ավտոապահովագրական սակագների հաշվարկների նախագիծը։ Բյուրոն 10 օրվա ընթացքում ցանկանում է առաջարկություններ եւ դիտողություններ ստանալ սույն նախագծի վերաբերյալ, որից հետո այն կվերամշակվի եւ կներկայացվի ԿԲ հաստատմանը։ Ըստ այդմ՝ Վ. Ավետիսյանը հույս հայտնեց, որ ապահովագրական պայմանագրերի վաճառքը 8 ապահովագրական ընկերությունների կողմից կսկսվի հոկտեմբերի 18-ին։ Իսկ ներկա փուլում ընթանում են նախապատրաստական աշխատանքները, ինչպես օրինակ՝ ապահովագրական պայմանագրերի միասնական ձեւերի տպագրությունը, կամ մեքենայի դիմապակու վրա փակցվող ապահովագրական կտրոնների տպագրությունը եւ այլն։
Սամվել Ավագյան



























