Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Իսպանիայի մի շարք ԶԼՄ-ների մեղադրել է իր դեմ «հոգեբանական պատերազմ» վարելու համար եւ հայտնել է, որ պատրաստվում է դատարանում վիճարկել նրանց գործողությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մադուրոյի հետ շփման մեջ» ծրագրում Վենեսուելայի նախագահը պարզաբանել է, որ այդ հայցերի նպատակն է ստիպել, որ «հարգեն Վենեսուելայի պատիվը եւ վերջ տան հոգեբանական պատերազմի արշավին», որը «ատելություն է սադրում եւ արդարացնում է երկրի դեմ ցանկացած բռնի եւ ռազմական գործողություն»: «Դրանք վենեսուելացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ են, ինչպես նաեւ` իսպանացիների` ճշմարտությունն իմանալու իրավունքի», — հավելել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը մշտապես քննադատում է իսպանական իշխանություններին եւ ԶԼՄ-ներին: Այսպես, անցյալ ուրբաթ նա հայտնել էր, որ պաշտոնական Մադրիդը «արշավ է իրականացնում, որը նպաստում է օտարերկրյա միջամտությանը» իր երկրում, ինչպես ժամանակին «դա տեղի էր ունենում Իրաքում»:
«Այն, ինչ Մադրիդում տեղի է ունենում Վենեսուելայի նկատմամբ, ռազմական արշավ է` նախապատրաստելու այն, ինչ երբեք տեղի չի ունենա, բայց ինչը արմատավորվել է այն մարդկանց սարսափելի ուղեղներում, որոնք դա ծրագրում են, ներխուժում են նախապատրաստում, ռազմական ներխուժում», — այն ժամանակ հայտնել էր Մադուրոն:





























