Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի որոշումը կապված է ոչ այնքան ամբողջ աշխարհում հայերին հուզող խնդրի հետ, որքան որոշակի քաղաքական գծի, որը Գերմանիայում գերիշխող է դարձել: Այս մասին Երեւանում հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Քաղաքագետը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը խորհրդատվական, բայց ոչ օրենսդրական մարմին է: Այդ մարմինը մի քանի տարի առաջ հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Քաղաքագետի խոսքով՝ քանի որ այդ որոշումը միայն խորհրդատվական բնույթ է կրում, Բունդեսթագի ներկայիս բանաձեւը պայմանավորված է ներգերմանական խնդիրներով:

Նրա խոսքով՝ մեկնարկը տրվել է, դրան կարձագանքի Գերմանիայի թուրքական համայնքը, իսկ դա մի քանի մլն մարդ է, եւ միգրացիոն ճգնաժամի ֆոնին բողոքները կարող են հանգեցնել միգրանտների հարցում Գերմանիայի քաղաքականության փոփոխությանը:

«Կոպիտ ասած՝ դա մեսիջ է, որ անգամ եթե դուք Գերմանիայի քաղաքացի եք, բայց չեք ընդունում օրենսդիր մարմնի որոշումն, ապա բարի ճանապարհ ձեզ: Գերմանիան լուծել է իր խնդիրները: Հայկական կողմը բարոյական բավարարվածություն է ստացել, ինչն, անխոս, շատ կարեւոր է, բայց պետք է սթափ դատել եւ հասկանալ, որ որոշումն ընդունվել է սեփական նպատակներին հասնելու համար»,- ասել է քաղաքագետը:

Ընդ որում, Կարինե Գեւորգյանը նշեց, որ դա կատարվել է շատ գրագետ. ինքը՝ Մերկելը, ով հայտարարում է, որ Գերմանիան բաց է բոլորի համար, նիստին ներկա չէր: