Հայաստանում չհիմնավորված բարձր գումար են գանձում սահմանը հատող մեքենաներից: Այս մասին հունիսի 7-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան մտնող ամեն մեքենայից գանձում են 2 հազար դրամ՝ որպես ժամանակավոր ներմուծում: Իսկ մեկ օրվա համար մեքենաները վճարում են 5 հազար դրամ՝ որես ԱՊՊԱ: «Ստացվում է, որ Ջավախքի մեր հայրենակիցներն ուզում են ժամանել իրենց կարտոֆիլը վաճառելու կամ բուժվելու համար, իսկ մենք նրանց խանգարում ենք: Իսկ Հայաստանից մեքենաները կարող են ազատ մեկնել Վրաստան»,- ասել է Մանուկյանը:

Բացի այդ, մեծ բեռնատար  մեքենաների համար Հայաստանը տրանզիտի դիմաց ավելի շատ գումար է գանձում (300 դոլար), քան Ադրբեջանը (80): «Եթե, օրինակ, իրանցի վարորդն ուզում է տարանցիկ ճանապարհով գնալ, նա ո՞ր երկիրը կընտրի: Պետք է այնպես անել, որ մեր երկիր հնարավորինս շատ մարդիկ գան: Դրանից եկամուտն  ավելի շատ է, քան տուրքերից»,- ասել է Մանուկյանը: