Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վարշավային գազի մատակարարման պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Գազպրոմ»-ը վառելիքի այդ ծավալները կառաջարկի այլ գնորդների: «Հնարավոր է՝ իսրայելցիները գնեն այդ գազն ու վաճառեն Լեհաստանին»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Պուտինը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Պուտինն ասել է, որ Ռուսաստանի համար նշանակություն չունի, թե որ երկրի ընկերությունը կգնի այդ գազը:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Վարշավայի հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանը մտադիր է այլեւս ռուսական վառելիք չգնել, Պուտինը նշել է, որ կորպորատիվ մակարդակով լեհ գործընկերները «դեռեւս ոչնչից չեն հրաժարվել», սակայն Ռուսաստանում «ելնում են այն հանգամանքից, որ դա հնարավոր է»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը մտադիր է հրաժարվել «Գազպրոմ»-ի հետ կնքած երկարաժամկետ պայմանագրի երկարաձգումից, որի ժամկետը լրանում է 2022 թվականին:

Գործող պայմանագրով Ռուսաստանը տարեկան 10.2 մլրդ խ.մ. գազ է մատակարարում Լեհաստանին՝ «վերցրու կամ վճարիր» պայմանով: Մինչեւ 2012 թվականը Լեհաստանի համար գազի միջին սակագինը շուրջ 550 դոլար էր՝ 1.000 խ.մ.-ի դիմաց: Հետագայում գինը 15%-ով նվազեց, սակայն շարունակում է մնալ ամենաբարձր սակագներից մեկը Եվրոպայում: