Հայերն ու չեխերը միասին կարող են ստեղծել արտադրանք, որը հնարավոր է իրացնել երրորդ երկրում։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, հայ-չեխական գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Չեխիայի ԱՊՀ երկրների առեւտրի պալատի նախագահ Ֆրանտիշեկ Մասոպուստը։

«Հայաստանը մեզ ծանոթ երկիր է։ Գրեթե յուրաքանչյուր տարի հայ եւ չեխ գործարարները հանդիպում են կամ Երեւանում, կամ Պրահայում եւ միասին քննարկում համագործակցության հարցեր։ Վստահ ենք, որ հնարավոր է միասին ստեղծել արտադրանքներ, որոնք հետագայում հնարավոր կլինի իրացնել երրորդ երկրում։ Անկեղծ լինենք, հայկական շուկան չեխականի նման փոքր է եւ մեզ նոր շուկաներ են պետք, իսկ Հայաստանը ԵՏՄ երկիր է եւ ունի կապեր, որոնք Չեխիան չունի»,- ասաց Ֆրանտիշեկ Մասոպուստը։

Չեխիայի ներկայացուցչի կարծիքով՝ հնարավոր է Հայաստանի հետ համագործակցել էներգետիկայի, տարբեր ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, այդ թվում տրանսպորտի, ճանապարհների նորոգման ոլորտում։