Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան անհանգստացած է Եվրոպայում ազգայնականության աճից: Այդ մասին նա հայտնել է Վիշեգրադյան քառյակի  (Չեխիա, Լեհաստան, Սլովակիա եւ Հունգարիա – V4) վարչապետների նիստից հետո: Հանդիպմանը մասնակցել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, Լեհաստանինը` Բեատա Շիդլոն, Սլովակիայինը` Ռոբերտ  Ֆիցոն եւ Հունգարիայինը` Վիկտոր Օրբանը: 

«Եվրոպայում աճում են ազգայնական միտումները եւ արմատականներ են ի հայտ գալիս, որոնք պարզեցված լուծումներ են առաջարկում», - ասել է Սոբոտկան: Նրա կարծիքով, Եվրամիության հանրային տարածքն այժմ գերլեցուն է միգրացիայի թեմայով: «Բայց չեմ կարծում, թե ներկայումս եվրոպական նախագիծը կարող է տապալվել», - ընդգծել է Սոբոտկան:

Եվրոպական հասարակայնության աճող հիասթափությունների պատճառներից մեկը չեխ վարչապետը համարում է Բրյուսելի անկարողությունը ակնառու կերպով ցուցադրելու դրական իրադարձությունները: Նման իրադարձությունների թվին Սոբոտկան դասում է, մասնավորապես, ԵՄ-ի համաձայնությունը Թուրքիայի հետ անօրինական միգրանտների վերադարձի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: