Պապուա Նոր Գվինեայի դատարանը արգելել է ուսանողական բողոքի ցույցերը՝ մայրաքաղաքի համալսարանում ուսանողների ու ոստիկանության բախումներից հետո, որոնց հետեւանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:

Պապուա – Նոր Գվինեայի ուսանողները հինգ շաբաթ շարունակ բողոքել են երկրի վարչապետ Փիթեր Օ Նիլի քաղաքականության դեմ: Չորեքշաբթի առավոտյան ոստիկանները կրակել են ուսանողների վրա, որոնք փորձում էին խաղաղ հանրահավաք անել ու քայլերթով հասնել Պորտ Մորսբիի խորհրդարանի շենք: Ուսանողների խոսքով, իրավապահները իրենց թույլ չեն տվել դուրս գալ համալսարանական ավանի սահմաններից ու սկսել են կրակել ուղիղ ամբոխի վրա, երբ ցուցարարները փորձել են խոչընդոտել ուսանողական խորհրդի նախագահի ձերբակալությանը:

Երկրի բարձրագույն կրթության նախարար Մալակաի Թաբարը ողջունել է դատարանի արգելքը: Նրա խոսքով, բռնի գործողությունների համար մեղավոր են խուլիգանները ու ընդդիմության ներկայացուցիչները:

Մինչ այդ հայտնել էին, որ Պապուա Նոր Գվինեայում հակակառավարական հանրահավաքների ուսանող մասնակիցների վրա ոստիկանության կրակոցների հետեւանքով չորս մարդ է զոհվել, 17-ն էլ տուժել: Երկրի կառավարությունը հերքում է զոհված ուսանողների մասին տվյալները՝ հայտնելով, որ հինգ մարդ է հոսպիտալացվել, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: