Թուրքիան վճռական միջոցներ է պատրաստում Գերմանիայի դեմ՝ ի պատասխան Բունդեսթագի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի, գրում է Bild-ը:
«Իրավասու մարմինները՝ առաջին հերթին ԱԳՆ-ն, գործողությունների պլան են մշակում»,- մեջբերում է թերթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքը:
Նրա խոսքով՝ «պլանի» մանրամասները կբացահայտվեն նախագահի եւ վարչապետի կողմից այն քննարկելուց հետո:
Նշենք, որ Թուրքիան առնվազն 3 դատական հայց է պատրաստում Բունդեսթագի 11 թուրք պատգամավորների դեմ: Երկու հայցը նախաձեռնել է Թուրքիայի ոստիկանությունը, իսկ երրորդը՝ թուրք իրավաբանների միավորումը:
Պատգամավորներին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի մեծ ազգային ժողովին, Թուրքիայի կառավարությանը եւ արդարադատության պետական մարմիններին հրապարակավ վարկաբեկելու մեջ:
Հիշեցնեք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին գրեթե միաձայն 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը ճանաչեց որպես ցեղասպանություն:





























