Բունդեսթագի խոսնակ Նորբերթ Լամերթը հունիսի 9-ի նիստը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին սուր քնադատությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մասամբ ատելությամբ լցված սպառնալիքները, ցավոք, արվել են այդ թվում բարձրաստիճան թուրք պաշտոնյաների կողմից: Այն, որ ժողովրդավար ճանապարհով ընտրված նախագահը 21-րդ դարում Բունդեսթագի թուրք պատգամավորների՝ իր հասցեին հնչող քննադատությունը կապում է նրանց թուրքական ծագման կասկածների հետ, նրանց արյունը «փչացած» է անվանում, ես անթույլատրելի եմ համարում»,- ասել է Լամերթը նիստերի դահլիճում, որտեղ ներկա է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Լամերթի խոսքով՝ գերմանացի պատգամավորները պատրաստ են բանավիճել եւ ընդունել քննադատություն, սակայն յուրաքանչյուրն, ով փորձում է սպառնալիքի միջոցով ճնշել առանձին պատգամավորների, պետք է իմանա, որ նա հարձակվում է ամբողջ խորհրդարանի վրա: Լամերթը նշել է, որ Բունդեսթագը համապատասխան ձեւով օրենքի շրջանակներում կարձագանքի դրան:

«Ես ընդգծում եմ, որ մենք համերաշխ ենք մեր գործընկերների հետ, որոնք սպառնալիքների եւ ճնշման են ենթարկվում իրենց քաղաքական գործունեության պատճառով»,- ասել է Բունդեսթագի նախագահը: