Հայաստանի ֆինանսների նախարարությունն այս տարի խստացրել է խաղային բիզնեսի կազմակերպիչների նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում շահումով խաղերի կազմակերպիների նկատմամբ կիրառված տուգանքները 8 անգամ գերազանցում են 2008 թ. ցուցանիշները։
Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղակատվության համաձայն՝ 2010 թ. 9 ամիսներին խաղային բիզնեսի նկատմամբ տուգանքը կազմում է 21,4 մլն դրամ (մոտ 58 հազ. դոլար)։ Շահումով խաղի կազմակերպիչները տուգանվել են 11.2 մլն դրամով (մոտ 30 հազ. դոլար), վիճակախաղերի կազմակերպիչները՝ 0,6 մլն դրամով (մոտ 1600 դոլար), խաղատները՝ 9,6 մլն դրամով (մոտ 26 հազ. դոլար):




























