Պերմում դատավճիռ է կայացվել Իլյա Կուդրյավցեւի եւ Ալեքսանդր Նեդուգովի նկատմամբ, որոնք բարձր խտությամբ 1-ֆենիլ-2-պրոպանոնի արտադրություն եւ Եվրոպա եւ Հայաստան առաքում էին իրականացնում: Դրանից թմրալաբորատորիաներում ամֆետամին էին ստանում: Ութ տարվա ընթացքում պերմյան ձեռնարկությունը   100 տ թմրանյութի խտանյութ է արտադրել որից  3,5 մլրդ դեղահաբ է պատրաստվել: Հումքը Ռուսաստանից արտահանվել է լվացող միջոցի կամ վառելիքի տեսքով: Հետաքննությամբ զբաղվել է ներկայումս վերացված Թմրանյութի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը  (ԹՎԴԾ), գրում է Lenta-ն:

ԹՎԴԾ-ից հայտնել են, որ թմրաբիզնեսի գաղափարախոսը եւ հիմադիրը քիմիայի պրոֆեսոր Պավել Կուդրյավցեւն էր:  1999-ին նա Պերմում փոքրտոննաժային արտադրության եւ քիմիական արտադրանքի փոքրիկ տեսականու վաճառքի «Տրիվեկտր» ձեռնարկությունն է բացել:  Հիմնական արտադրանքը եղել է բարձր խտությամբ   1-ֆենիլ-2-պրոպանոնը մեթիլբենզիլկետոն առեւտրական անվանմամբ: Ամենից հաճախ օգտագործվում էր դրա կրճատ անվանումը` ՄԲԿ կամ ԲՄԿ: ԹՎԴԾ-ից նշել են, որ այդ նյութով շատ էին հետաքրքրվում Արեւմտյան Եվրոպայի քրեական միջավայրում, որը համեմատաբար էժան եւ որակյալ հումքի կարիք ուներ ընդհատակյա թմրալաբորատորիաների համար:  Մերձբալթիկայից Կուդրյավցեւին օգնելու է եկել եւս մեկ քիմիկոս` Ալեքսանդր Նեդուգովը:  Շուտով նախանյութի արտադրության գործընթացը կատարելության է հասցվել: 

Աշխատանքի քողարկման համար հետեւյալ սխեման է մշակվել. փաստաթղթերով Պավել Կուդրյավցեւը նախանյութը իրացնում էր «առեւտրական տներում»` իր կողմից հիմնադրված «Քիմտեխպրոմ» եւ «Ուրալ-Քիմտեխպրոմ» ընկերություններում (այն ղեկավարում էր Կուդրյավցեւի որդին` Իլյան), որոնք ԲՄԿ-ն ձեւականորեն վերավաճառում էին տարբեր մեկօրյա ֆիրմաների: Իրականում հումքը գործարանից ուղղակիորեն տեղափոխվում էր Մոսկվայի մարզ` Պավել Կուդրյավցեւի ընկերոջը` ոմն Վարեժկինի, որը ապրանքը պահում էր մինչեւ «օտարերկրյա գործընկերների» գալը:

Կուդրյավցեւը փոխել է արտահանվող նախանյութի քողարկումը: Այժմ դա ԲՄԿ-ից արտադրվող նատրիումի աղն էր, որը ոչ բարդ քիմիական մանիպուլյացիաների միջոցով դարձյալ վերածվում էր ԲՄԿ-ի: Նյութը արտահանվում էր սահմանով` օրինականորեն, տեխնիկական լվացող միջոցի անվան տակ: 

Դա Կուդրյավցեւին թույլ է տվել թմրանյութ արտադրողներին ուղղակի մատակարարումներ իրականացնել: Արդյունքում նրա եկամուտը զգալիորեն աճել է, չէ որ սխեմայից բացառվում էին միջնորդները, որոնք պատասխանատու էին առաջին հումքի  մաքսանենգ վաճառքի համար: 

2007-ի ամռան սկզբին Կուդրյավցեւները ծանոթացել են Սամվել Խաչատրյանի հետ: Նա ձեռք էր բերել Երեւանի նախկին «Քիմտեխ» ԳՀԻ-ի արտադրական հզորությունները: Պայմանավորվել են նատրիումի աղի մատակարարումների մասին: Իլյա Կուդրյավցեւը եւ Նեդուգովը այդ տարվա սեպտեմբերին Հայաստան են բերել քողարկված նախանյութի առաջին նմուշը եւ հայ «գործընկերներին» սովորեցրել են լաբորատոր պայմաններում աղը ԲՄԿ-ի վերածել, ինչպես նաեւ բացատրել են, թե ինչպես ամֆետամին ստանան:   

2012-ին հետաքննության ընթացքում ոստիկանները Երեւանում գրավոր վիճակում հայտնաբերել են այդ հրահանգները, ինչը թմրանյութի առեւտրականների մեղքի փաստացի ծանրակշռի ապացույց է հանդիսացել:   

Քննիչների տվյալների համաձայն, 2007-ից մինչեւ 2009-ը Կուդրյավցեւը եւ Նեդուգովը Հայաստան են մատակարարել մոտ 10 տ նատրիումի աղ: «Դա լիովին բավարար է ամֆետամինի առնվազն   60 մլն դեղահաբ արտադրելու համար, ինչն անմիջականորեն իրացվող թմրանյութում մաքուր ամֆետամինի տոկոսային պարունակությունը հաշվի առնելով, կարող է գնահատվել երեք մլրդ դոլար», — նշել են ԹՎԴԾ-ից:

Թմրանյութի ոստիկանները վկա են գտել, որը պատմել է Դոմոդեդովոյի օդանավակայանից Երեւան քիմիական արտադրանքի մատակարարումների մասին:  2013-ին հայ «գործընկերները» երկար պատժաժամկետների են դատապարտվել   180 կգ սինթետիկ թմրանյութի արտադրության համար: 

Իր գոյության տարիների ընթացքում «Տրիվեկտրը» արտադրել եւ թմրանյութի առեւտրականներին վաճառել է ավելի քան 100 տ ԲՄԿ: Դա բավարար է   700 տ փողոցային թմրանյութի արտադրության համար` 3,5 մլրդ հաբի: «Երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ բնակչի համար գործնականում մեկական հաբ», — պարզաբանել են ԹՎԴԾ-ից:

Նախանյութի արտադրությունից մաքսանենգ առեւտրականների, թմրալաբորատորիայի եւ տարածման ցանցերի ընդհանուր շահույթը գնահատվում է  54 մլրդ դոլար:

2010-ին ԲՄԿ-ի վրա ամբողջական արգելք մտցնելուց հետո պերմյան  «Տրիվեկտր» ձեռնարկությունը սնանկացել է: Դատարանի առաջ է կանգնել  35-ամյա Իլյա Կուդրյավցեւը  (թմրաբիզնեսի հիմնադրի որդին) եւ քիմիական գիտությունների 61-ամյա թեկնածու Ալեքսանդր Նեդուգովը: Հունիսի 7-ին Պերմի Դերժինսկու շրջանային դատարանը նրանց մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ամֆետամին միջոցի առանձնահատուկ խոշոր չափի արտադրության համար: Կուդրյավցեւին դատապարտել են    17 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Նեդուգովին` 12 տարվա: Նրանք պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում: 

Գործով անցնող երրորդ մեղադրյալի` Պավել Կուդրյավցեւի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: