Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը եւ Միլոշ Զեմանը անհրաժեշտ են համարել երկու երկրների միջեւ տնտեսական կապերի շարունակական զարգացումը եւ կարեւորել մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացումը:
Այս համատեքստում, կարեւորվել է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Կողմերը ողջունել են Երեւանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանն ու Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:





























