Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, հինգշաբթի հանդես գալով բունդեսթագի նստաշրջանին, կոչ է արել ահաբեկչական գործունեության հետ կապ ունեցող մարդկանց տվյաների համաեվրոպական բազա ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նա պատգամավորներին հակաահաբեկչական գործունեության վերաբերյալ առաջին ընթերցմամբ  օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում է հատուկ ծառայությունների ավելի սերտ աշխատանք Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս: 

«Եվրոպայում մեզ միություն է անհրաժեշտ անվտանգության ոլորտում, Եվրոպայի սահմաններից դուրս` գործընկերություն անվտանգության ոլորտում: Դա սկսվում է իրավապահ մարմինների, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների միջեւ անվտանգության պաշտպանության ոլորտում տվյալների փոխանակումից: Մենք ուզում ենք եվրոպական ընդհանուր բազա ստեղծել այն անձանց համար, որոնք մասնակցում են ահաբեկչական կազմակերպությունների: Եվրոպական հատուկ ծառայությունները պետք է այդ ոլորտում տեղեկություններ փոխանակեն եւ ավելի սերտորեն աշխատեն միմյանց հետ», — ասել է նախարարը:

Նրա խոսքով, հարցը «կոնկրետ մարդկանց, շահերի կոնկրետ խմբերի» հետեւելն է. «Եթե ահաբեկիչները իրար են կապված միջազգային ցանցերի միջոցով, հատուկ ծառայությունները պետք է միավորվեն միջազգային մակարդակում: Դա այնքան պարզ է»: