Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը զարդարել են թագավորության հարյուրավոր սպիտակ-կարմիր-կապույտ դրոշներով Եղիսաբեթ II-ի 90-ամյա հոբելյանի պատվին, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:
Տոներից առաջ, որոնք երեք օր կտեւեն, Լոնդոնի Ռիջենթ-սթրիթ եւ Օքսֆորդ-սթրիթ փողոցներն ամբողջ երկայնքով զարդարել են «Յունիոն Ջեքով» բազմագույն ծաղկաշղթաներով, դրոշը հայտնվել է նաեւ ցուցափեղկերում եւ շենքերի ճակատամասերին:
Բրիտանական մայրաքաղաքում տոնական միջոցառումներ տեղի կունենան հունիսի 10-ին, 11-ին եւ 12-ին: Տոնակատարությունները կբացվեն սուրբ Պողոսի տաճարում հանդիսավոր աղոթքով:
Երկրորդ օրը Բուքինգեմյան պալատում տեղի կունենա օդային զորահանդես թագավորական ԶՕՈՒ-ի մասնակցությամբ: Պարբերականը հայտնում է, որ ակնկալվում է, որ դրան կմիանա արքայազն Ջորջը:
Հունիսի 12-ին թագուհու ամուսինը` Ֆիլիպ արքայազնը, Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին եւ արքայազն Հարրին կմիանան 10 հազար բրիտանացիներին, որոնք կհավաքվեն թագավորական ճաշի: Երեկույթի կազմակերպիչները Եղիզաբեթ II-ի թոռան` Փիթեր Ֆիլլիպսի հետ նախատեսում են հյուրերին պլաստիկե անձրեւանոցներով կամ արեւայրուքի դեմ քսուքներով ապահովել` բրիտանական անկանխատեսելի եղանակից կախված: Միջոցառման տոմսն արժե 150 ֆունտ:





























