Սինգապուրի Ներքին գործերի նախարարությունը երկրում աշխատող օտարերկրյա ընկերություններից պահանջել է վերջ տալ սեռական փոքրամասնությունների աջակցության տարբեր միջոցառումների անցկացմանը օժանդակելուն: Գերատեսչությունը նման հայտարարություն է տարածել անցած հանգստյան օրերին այդտեղ տեղի ունեցած ակցիայից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իշխանությունները քայլեր կձեռնարկեն` թույլ չտալու օտարերկրյա կորպորացիաների կողմից նման միջոցառումների ֆինանսական կամ գաղափարական աջակցությունը», - տեղեկացրել են ՆԳՆ-ից: Մասնավորապես, անցած « կետ» ակցիայի հովանավոր են դարձել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը, Barclays-ը, Goldman Sachs-ը, BP-ն, Bloomberg-ը եւ Twitter-ը:
Channel NewsAsia հեռուստաալիքի տեղեկության համաձայն, այդ կազմակերպություններից մեկի իրավաբանական բաժինը արդեն հարցում է ուղարկել նախարարություն հնարավոր պատժամիջոցների եւ տուգանքների առումով, սակայն առայժմ պատասխան չի ստացել: Միաժամանակ ակցիայի կազմակերպիչները զարմանք են հայտնել տեղի ունեցողի կապակցությամբ, որովհետեւ նրանց խոսքով, բոլոր նախորդ տարիներին նման հարց սինգապուրյան կառավարության կողմից երբեք չի բարձրացվել:
Միաժամանակ Սինգապուրի իշխանությունները, չնայած սեռական փոքրամասնություններին աջակցության միջոցառումների համար թույլտվություն տալուն, բազմիցս հայտնել են, որ հանդես են գալիս ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության օգտին եւ երբեք թույլ չեն տա փոխել ամուսնության ինստիտուտի ձեւաչափը: Նման հայտարարություններ են հնչել հանրապետության բարձրագույն ղեկավարության շուրթերից արեւմտյան եւ ամերիկացի գործընկերների հետ հանդիպումներին:





























