Հոլոքոսթի ու մյուս ցեղասպանությունների պատմությունը կրթական ծրագրերում ներառելու մասին օրինագիծը շուտով քվեարկության կդրվի Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում:

Օրինագիծը, որը միաձան հաստատել է Սենատը, նախատեսում է միջնակարգ ու ավագ դպրոցների ուսուցողական ծրագրերում ներառել Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությունը, նաեւ Քամբոջայի, Իրաքի, Ռվանդայի ու Դարֆուրի ցեղասպանությունները, հայտնում է providencejournal.com կայքը:

ԱՄՆ նահանգներից յոթը՝ Քալիֆորնիան, Ֆլորիդան, Իլինոյսը, Միչիգանը, Նյու Յորքը, Նյու Ջերսին ու Փենսիլվանիան արդեն ունեն նույնատիպ օրենքներ: Իսկ Ռոդ Այլենդում հաստատված օրինագիծը միայն քաջալերում է ցեղասպանությունների մասին իրազեկող կրթական ծրագրերը:

Այս օրինագծի մշակումը սկսվել է անցած աշնանից ՝ Հայկական համայնքի,Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմի, Ռոդ Այլենդի եկեղեցիների պետական խորհրդի, Ռոդ Այլենդի հրեական միության ու Սանդրա Բորնշթեյնի անվան Հոլոքոսթի կրթական կենտրոնի անդամների մասնակցությամբ: