Թուրքիայի հետ ակտիվ համագործակցության եւ միգրացիոն ճգնաժամի կարգավորման մեջ նրա առանցքային դերով հանդերձ ԵՄ-ն մտադիր չէ Անկարային քարտ բլանշ տալ ժողովրդավարական սկզբունքների ոտնահարման համար: Այս մասին ասել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Թուրքիայում իրավիճակի զարգացումը, հատկապես ինչ վերաբերում է հիմնարար ազատություններին, իրավական պետությանը եւ երկրի հարավ-արեւելքում իրադրությանը, մտահոգիչ է»,- ասել է եվրահանձնակատարը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի ժամանակ ելույթում անդրադառնալով Թուրքիայում ժողովրդավարության վիճակին եւ Թուրքիայի խորհրդարանի մայիսի 20-ի որոշմանը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել 138 պատգամավորի:
Նա հիշեցրել է, որ 2015-ին Թուրքիայի մասին Եվրահանձնաժողովի զեկույցում համապատասխան հանձնարարականներ էին արվել: Բայց հիմա այս վերջին որոշումը չի կարող չմտահոգել: Հանը հիշեցրել է այդ կապակցությամբ ԵՄ բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որ պատգամավորական անձեռնմխելիությունը պետք է տրվի բոլոր պատգամավորներին առանց խտրականության, եւ դա Եվրահանձնաժողովի հստակ դիրքորոշումն է:
Յոհաննես Հանի խոսքով՝ պատգամավորներին ամեն տեսակ մեղադրանքներ եւ կասկածներ ներկայացնելիս պետք է հավատարիմ մնալ անմեղության կանխավարկածին, ինչպես դա լինում է իրավական երկրներում:
«Իրավական պետությունը Թուրքիայում տնտեսական եւ սոցիալական առաջընթացի հիմքն է: Մենք ուշադիր կհետեւենք իրավիճակին: Մենք մի քանի օրից՝ բարձր մակարդակով մեր խորհրդակցության ժամանակ, նորից կոչ կանենք Թուրքիային, որ նա վերադառնա եվրոպական չափանիշներին համապատասխանող բարեփոխումներին»,- ասել է Հանը:





























