Հայաստանի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի հայտարարությունը: Այդ մասին հունիսի 9-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ մեկնաբանելով Տիրանայում մայիսի 28-30 անցած նիստի արդյունքները:
Նա նշեց, որ վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովը որոշել էր Հայաստանի ու Ադրբեջանին հակամարտության մասին ելույթի հնարավորություն տալ: Դրան հայկական կողմը առարկել է, ասելով, որ միակ գործող արդյունավետ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմի առաջարկն ընդունվել է: Քաղաքական հարցերով հանձնաժողովում նախագահող Լատվիայի պատգամավոր Օյար Կալնինշը կողմերից յուրաքանչյուրին 5-ական րոպե է տվել: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը թվարկել է բոլոր հայտնի թեզիսները «տարածքների գրավման մասին» եւ այլն:
Պատասխան ելույթում հայկական կողմը ներկայացրել է փաստեր Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ատելության քարոզչության ու այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումնեի մասին: Ներկայացվել է նաեւ ԼՂՀ արտգործնախարարի հայտարարությունը՝ տեղում ամեն ինչ ուսումնասիրելու համար մոնիտորինգաին առաքելություն ուղարկելու առաջարկով:
Ավելի ուշ, ԻՊ գործողությունների մասին հարցի քննարկման ժամանակ, հայկական կողմը մտահոգություն է արտահայտել Սիրիայում կատարվող իրադարձությունների, «Ալ Կաիդայի», «Ջեբհաթ ան Նուսրայի», նաեւ Աֆղանստանում՝ մոջահեդների գործողությունների կապակցությամբ: Բայց Ադրբեջանի պատվիրակը հարցը վերադարձրել է Լեռնային Ղարաբաղի թեմային: «Ես կոչ արեցի նախագահին ընդհատել այդ ելույթը, հիշեցնելով, որ կողմերն արդեն արտահայտվելու հնարավորություն ստացել են: Դա ուժեղացրեց դահլիճում լարվածությունը: Մյուս երկրների պատվիրակները երկու կողմերին էլ ընդհատեցին ու դրանով քննարկումը ավարտվեց»,- հավելեց Նահապետյանը:





























