Հոլանդացի հայտնի պարուսույց Հանս վան Մանենը հրաժարվել է Թուրքիայից պատվավոր մրցանակից ի նշան բողոքի լրագրողների ձերբակալությունների դեմ, հայտնում է Dutch News պարբերականը:
Վան Մանենը պետք է մրցանակ ստանար որպես «տարվա պարուսույց», սակայն չի արել դա, ինչպես ինքն է ասել` «շատ պարզ պատճառով, որ թերթերի բերանը փակում են, իսկ իրենց գործն անող լրագրողները հայտնվում են բանտում»:
Պարուսույցը նաեւ դատապարտել է ապրիլին թուրքական արմատներով հոլանդացի լրագրողուհի Էբրու Ումարի ձերբակալությունը: Ումարը ակնարկ էր գրել, որում քննադատել էր Ռոտերդամում թուրք դիվանագետների խնդրանքն իրենց հայրենակիցներին` տեղեկացնել Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի հասցեին վիրավորանքների մասին:
Համաշխարհային հռչակ վայելող 83-ամյա պարուսույց Հանս վան Մանենը 60 տարի աշխատել է Նիդերլանդների պարի թատրոնում եւ նիդերլանդական ազգային բալետի պարախմբի հետ: 2007-ին նա արժանացել է Նիդերլանդական Առյուծի օրդենի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























