Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն օրենք է ընդունել, որի համաձայն՝ Հոլոքոստի կամ ցեղասպանական այլ հանցագործությունների, մարդկության դեմ իրականացված հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների ժխտման հիման վրա ատելություն հրահրելու, քարոզելու համար 2-6 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Il Giornale պարբերականի փոխանցմամբ, փաստաթղթի շուրջ քվեարկությունը կայացել է չորեքշաբթի երեկոյան: Օրենքին «կողմ» է քվեարկել 237 պատգամավոր, «դեմ»՝ 5-ը, 102-ը «ձեռնպահ»:

Իտալական հրեաների միության ղեկավար Ռենցո Գատենիան ողջունել է օրենքի ընդունումը: «Իտալիան նոր էջ գրեց իր խորհրդարանական պատմության մեջ»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր խորհրդարանականներին, որոնք կողմ են քվեարկել Հոլոքոստի ժխտման համար պատիժ սահմանող օրենքի ընդունմանը: