Երեւանում մեկնարկում է «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանքի մրցույթը, որի մասին այսօր` հոկտեմբերի 4-ին կայացած ասուլիսում հայտարարեցին ՀՀ կրթության նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել 15-18 տարեկան երիտասարդներ, որոնք շարադրությունների միջոցով պետք է ներկայացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ինտերնետի միջոցով բիզնեսում հաջողության հասնելու իրենց տեսլականը։ Լավագույն շարադրությունների 50 հեղինակներ կմասնակցեն Ծաղկաձորում կայանալիք ճամբարին։
Ըստ Սարիբեկյանի՝ ազգային մրցույթին, 2008 թվականից ի վեր մասնակցել է շուրջ 2000 երիտասարդ, եւ երեք տարիների ընթացքում մրցույթի բացառիկ հովանավորն է եղել «ԱրմենՏել» ընկերությունը։
«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ երիտասարդների շարադրություններում երբեմն իսկապես հետաքրքիր բիզնես գաղափարներ են հանդիպում։
«Մրցույթի հաղթողները վերջում պրակտիկա են անցնում «ԱրմենՏելում», ու կարեւորն այն է, որ նրանք իսկապես թարմ ու նորարարական գաղափարներ են առաջարկում, որոնք հնարավորության դեպքում փորձում ենք կյանքի կոչել»,- ասաց Կլիմկոն ավելացնելով, որ ընկերությունը հետեւում է սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, դրա համար էլ աջակցում է տաղանդավոր երիտասարդներին հայտնաբերող մրցույթին:




























